Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աստվածաշնչի համաբարբառ

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, Համաբարբառ Սուրբ Գրոց (համաբարբառ՝ ասոր. da-mehalleteմիախառնում, համախառնում բառի համարժեքը. սկզբնապես կիրառվել է համապատասխանություն, միաձայնություն, ներդաշնակություն իմաստներով), ընդհանուր իմաստով՝ որոշակի կարգով կազմված բառարան-ցուցիչ, որի նպատակն է երևան բերել Աստվածաշնչի գրքերի միջև եղած փոխհամաձայնությունը և աստվածաշնչյան հասկացությունների ու բառերի՝ տարբեր համատեքստերում ունեցած ստույգ իմաստները:

Աստվածաշնչի համաբարբառների պատմության մեջ վաղագույնը Տատիանոս Ասորու «Համաբարբառ Ավետարանն» է, որն ի հայտ է եկել (180) Ավետարանների վավերականությունը կասկածի տակ առնող աղանդավորական գաղափարները մերժելու և Սուրբ գրոց ստույգությունը փաստելու հրատապ անհրաժեշտությամբ: Ընդ որում, Տատիանոսի նպատակն էր, ի տարբերություն բոլոր հետագա կազմողների, ոչ թե ապացուցել, որ չորս Ավետարանների միջև առկա է բովանդակային դաշնություն, այլ ի հայտ բերել նրանց «անհամաձայնությունները» և վերացնել դրանք: Ուստի նա փոխագուցել, միախառնել է չորսի բնագրերը՝ կազմելով մեկ Ավետարան (կոչվում է «Դիատեսարոն», բառացի՝ «Միախառնվածների Ավետարան»), որտեղ զանց են առնվել Ավետարանների նույնական հատվածները:

Տատիանոսի «Համաբարբառ Ավետարանը» մեզ չի հասել: Սակայն նրա մասին կարելի է ընդհանուր պատկերացում կազմել Եփրեմ Ասորու համապատասխան մեկնությունից, որի մեծ մասը պահպանվել և մեզ է հասել հայերեն թարգմանությամբ: Ենթադրվում է, որ գոյություն է ունեցել նաև Տատիանոսի «Համաբարբառ»-ի հայերեն թարգմանություն:

Ի տարբերություն Տատիանոսի, հետագայում կազմված ավետարանական համաբարբառների նպատակն էր ցույց տալ չորս Ավետարանների փոխհամաձայնությունն ու ամբողջականությունը: Այդ բնույթի առաջին համաբարբառը կազմել է III դ. հեղինակ Ամոն Ալեքսանդրացին (այդ մասին կա մի աղբյուր՝ Եվսեբիոս Կեսարացու՝ Կարպիանոսին հղած նամակը): Ամոն Ալեքսանդրացու կազմած Աստվածաշնչի համաբարբառում երեք Ավետարանների նույնաբնույթ հատվածները համադրված էին Մատթեոսի Ավետարանի հետ՝ խախտելով Ավետարանների բնագրային ձույլ ամբողջականությունը և սուրբգրային կանոնականությունը: Այդ գործը մեզ չի հասել ո՛չ բնագրով և ո՛չ էլ որևէ թարգմանությամբ: Հետևաբար հրամայական անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու Ավետարանների կանոնականությունը փաստող առավել հարմար ձեռնարկ: Դա Եվսեբիոս Կեսարացու կազմածն էր, որ V դ. թարգմանվել է հայերեն: Բաղկացած է Կարպիանոսին հղած նամակից և 10 աղյուսակներից, որոնք կոչվում են կանոններ (Canones): Ի տարբերություն նախորդների, Եվսեբիոս Կեսարացին չորս Ավետարանները բաժանել է հատվածների և համարակալել: Ըստ այդմ, Մատթեոսի Ավետարանն ուներ 355, Մարկոսինը՝ 236, Ղուկասինը՝ 342, Հովհաննեսինը՝ 232 հատված, որոնք նշվում են այբուբենի տառերով. 10 կանոններից յուրաքանչյուրը ներկայացնում է համապատասխան հատվածների առանձին խմբեր: Եվսեբիոսի կանոնները զետեղված են գրեթե բոլոր գրչագիր Ավետարանների սկըզբում, ինչպես նաև՝ մի շարք հրատարակություններում (1710, 1729, 1740 ևն, Կ. Պոլիս):

Եվսեբիոս Կեսարացու Համաբարբառի շնորհիվ մեկընդմիշտ ապահովվել է Ավետարանների կանոնական անձեռնմխելիությունը: IV–V դդ. երևան եկավ եվսեբյան համաբարբառի մի տարբերակ: Այստեղ համաբարբառային կանոնները զետեղված էին ոչ թե Ավետարանների սկզբում, այլ յուրաքանչյուր էջի ստորին լուսանցքում: Մասնագետների կարծիքով, լուսանցային կանոններն ունեն ասորական ծագում:

Դրանք գալիս են Ավետարանի պեշիտտոյական կանոնից և Աստվածաշնչի՝ ասորերենից հայերեն առաջին թարգմանության վաղագույն վկայություններ են: Ի տարբերություն հունական (որտեղ իշխում են եվսեբյան 10 կանոնները) և ասորական ձեռագրերի (որտեղ տիրապետող են լուսանցային կանոնները), հայերեն գրչագրերի ճընշող մեծամասնության մեջ դրանք հանդես են գալիս միասնաբար: Սա ցույց է տալիս հայերեն Աստվածաշնչի ասորերենից և հունարենից թարգմանված լինելը: Այսպիսով եվսեբյան և լուսանցային կանոններն այդ երկու թարգման. ավանդույթների անառարկելի վկայությունն են:

Դրանք նպաստում են հայերեն Աստվածաշնչի բնագրի և կանոնի ուսումնասիրմանը: XIII դ. հայերեն գրչագիր Աստվածաշնչերում գոյություն ունի մեկ այլ կարգի համաբարբառ, որը կապ չունի ո՛չ եվսեբյան կանոնների, ո՛չ էլ, առավել ևս, ասորա-պեշիտտոյական հատվածումների հետ: Այս Աստվածաշնչի համաբարբառն ունի աղյուսակի կերպարանք, որտեղ տրված են տվյալ Ավետարանի հատվածումների բովանդակությունն արտահայտող խորագրեր և դրանց դիմաց՝ 4 բնագրերի համապատասխանությունը ցույց տվող թվահամարներ: Այս համաբարբառը վերագրվում է XII–XIII դդ. մատենագիր Գևորգ Սկևռացուն: Սակայն լիովին ինքնուրույն գործ չէ: Այն խմբագրումն ու լրացումն է 909-ին ընդօրինակված (Մատենադարան, ձեռ. դ 6202) ձեռագիր Ավետարանի գլխակարգության: Համաձայն նորագույն ենթադրության, գլխակարգություններն ու Աստվածաշնչի նախադրությունները (որոնք դարձյալ կապվում են Գևորգ Սկևռացու անվան հետ) իրականում թարգմանություններ են՝ կատարված թերևս իր՝ Գևորգ Սկևռացու ձեռքով:

Եթե տատիանյան, ամոնյան, եվսեբյան Աստվածաշնչի համաբարբառները սահմանափակված էին չորս Ավետարաններով և ցույց էին տալիս միայն նրանց համաձայնությունը՝ բացառելով համեմատական քննության հնարավորությունը, ապա IV դ. մատենագիր Եվթաղ Ալեքսանդրացու հորինած «Բովանդակութիւնք աստուածեղեն վկայութեանց» երկը նպատակ ուներ հաշվառել և ճշտել Պողոս առաքյալի 14 թղթերի մեջ Հին կտակարանից բերված վկայությունները: Երկը հայերեն է թարգմանվել V դ.: Բաղկացած է 2 ցուցակից: Ա ցուցակում արտացոլված է վկայությունների քանակն ըստ թղթերի, և որ աղբյուրներից են դրանք քաղվել: Օր., Հռոմայեցվոց թղթի համար ասվում է, թե վկայությունների ընդհանուր քանակը 48 է, որից հետո նշվում են Հին կտակարանից բերված վկայություններն ըստ Ս. Գրքի կանոնի. Արարածոց գրքից՝ 6, Ելից գրքից՝ 3, Ղևտացվոց գրքից 1 վկայություն ևն: Բ ցուցակում մեկտեղված են Ա ցուցակում հիշատակված վկայությունների բնագրերը, որոնք արտացոլված են պողոսյան թղթերի լուսանցային մասերում՝ իրենց բնագրային հերթագայությամբ: Ըստ այսմ, Հռոմայեցվոց թղթում առաջին վկայությունը Ամբակումից է, երկրորդը՝ Եսայուց, երրորդը՝ Սաղմոսից ևն: Աղբյուրագիտ. Առավելությամբ հանդերձ եվթաղյան «Բովանդակութիւնք»-ը, սակայն, զուրկ էր բանասիրական հեռանկարից, որովհետև այնտեղ բերված էր միայն վկայված բնագրի բովանդակությունը, ինչը հնարավորություն չէր տալիս այն գտնել իր տեղում:

Այս խնդիրը մասամբ լուծվեց XIII դ., ֆրանսիացի դոմինիկյան գիտնական Հուգոնի (1200-1263) ջանքերով: Վուլգատայի (Ս. Գրքի լատ. թարգմանությունը) մեջ սպրդած լեզվական սխալները վերացնելու նպատակով նա ծրագրել և կյանքի է կոչել բառարանային համաբարբառի գաղափարը, որը հիմնվում էր ոչ թե պարբերությունների կամ նախադասությունների, այլ բառերի հաշվառման և բաղդատման սկզբունքի վրա: «Համաբարբառ Սուրբ Գրոց» խորագրով աշխատությունում նա մեծ գլուխները բաժանել է յոթ, իսկ կարճերը՝ ավելի քիչ թվով հատվածների: Սա հնարավորություն էր տալիս վկայված բառը կամ նախադասությունը գտնել իր տեղում: XV դ. իսպանացի գիտնական Հովհաննես Սեգովացին, ի տարբերություն Հուգոնի, իր աշխատության մեջ ներմուծել է նաև լատիներենի բառամասնիկներ, որոնք հնարավորություն էին տալիս ճշտելու տվյալ բառի՝ տարբեր տեղերում ունեցած նրբիմաստները և դրա շնորհիվ լուծելու տվյալ պարագային աստվածաբանական բնույթի խնդիրներ՝ կապված հույների և լատինների մեջ արծարծված Ս. Հոգու բխման (Filioque) դավան. հարցի հետ: Ժամանակի ընթացքում հուգոնյան Աստվածաշնչի համաբարբառն ավելի է կատարելագործվել: Եթե նրա կատարած գլխաբաժանումն անփոփոխ պահպանվել է մինչև այսօր, ապա ներքին հատվածումները վերածվել են առավել մանր բաժանումների՝ տնատումների: Աստվածաշնչի այսօրվա տնատումները կապված են XV դ. հրեա րաբունի Իսահակ Նաթանի անվան հետ: Նա 1437–45-ին կազմել է եբր. համաբարբառ՝ հիմնված Աստվածաշնչի եբր. կանոնի՝ իր կատարած տնատումների վրա: Սա հնարավորություն էր տալիս բառն անմիջապես գտնել համապատասխան տեղում: Այդ գլխաբաժանումներն ու տնատումները ժամանակի ընթացքում տարածվեցին և սովորական դարձան Աստվածաշնչի՝ բոլոր լեզուներով իրականացված հրատարակությունների համար: Հուգոնյան գլխաբաժանումները XIII դ. Վերջից սկսած մուտք են գործել նաև Աստվածաշնչի հայերեն ձեռագրերի մեջ՝ «Ֆրանկաց գլուխներ» անվան տակ: Այս նշումները կրող հնագույն գրչագրերը Մատենադարանի դ 179 (1292), դ 180 (1295) ձեռագրերն են, որոնցից 2-րդը ընդօրինակվել է Կիլիկիայի Հայոց Հեթում Բ արքայի պատվերով:

Հայերեն Աստվածաշնչի կարգավորման մյուս փորձը կապված է XVII դ. հեղինակներ Ղազար Բաբերդացու և Ոսկան Երևանցու անվան հետ: Մատենադարանի դ 351 ձեռագիրը (1619) Ղազար Բաբերդացու կարգավորած Աստվածաշունչն է, որտեղ գլխաբաժանումը թե՛ ըստ հայկականի է և թե՛ ըստ լատինականի: Ի տարբերություն Հեթում Բ-ի, լուսանցքներում ավելացրել է նաև գլուխների հուգոնյան հատվածումներն ու նաթանյան տնատումները: Ղազար Բաբերդացու հետևողությամբ Ոսկան Երևանցին Ամստերդամում 1666-ին հրատարակած Աստվածաշնչին կցել է «Ցանկ վկայութեանց»-ը, որտեղ նշված է, թե Հին կտակարանի յուրաքանչյուր գրքից քանի մեջբերում կամ հիշատակություն կա Նոր կտակարանում: Այս ցանկը նույնությամբ վերատպվել է 1668-ին Ամստերդամում հրատարակված Նոր կտակարանում: Աստվածաշնչի համաբարբառ են կազմել Անանիա Արզրումեցի Ալլահվերդյանը (1709), Բաղդասար դպիր Կ. Պոլսեցին (1753):

Բառարանային համաբարբառի մեկ այլ օրինակ է  «Բուրաստան խնկոց»-ը, որը կազմվել է XIX դ. (նախքան 1824-ը), և 1848-ին Զմյուռնիայում հրատարակված «Համաբարբառ կամ ցանկ նմանաձայն բառից Նորոյ Կտակարանի» աշխատությունը: Այս Աստվածաշնչի համաբարբառը հիմնված է Հովսեփ վրդ. Տեր-Ավագյան Արցախեցու կազմած Աստվածաշնչի համաբարբառի վրա, որը մեզ չի հասել:

Աստվածաշնչի հմաբարբառների մեջ իր գիտական մակարդակով և համակարգվածությամբ լավագույնը Երուսաղեմի միաբան Թադեոս վրդ. Աստվածատուրյանի կազմածն է (հրտ. 1895): Այն ցայսօր էլ լայնորեն օգտագործվում է ինչպես սուրբգրային, այնպես էլ առհասարակ հայագիտական ուսումնասիրություններում:

Առկա է նաև աշխարհաբար (արևմտահայերեն) Աստվածաշնչի համաբարբառը (1963, Բեյրութ):

Հակոբ Քյոսեյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Էսապալյան Պ., Տատիանի Համաբարբառն և հայերէն Աւետարաններու առաջին թարգմանութիւնը, Վնն., 1937:

Անասյան Հ., Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը (աղբյուրաբանական և բնագրաքննական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1972:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am