Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աստվածաբանություն

 ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, թեոլոգիա [< հուն. θεολογι αք (θεος – Աստված և λογος – բան, խոսք) բառից. նշանակում է խոսք Աստծո մասին], գիտություն Աստծո մասին, քրիստոնեական կրոնի և հավատի, եկեղեցու դավանանքի և բարոյականության գիտական ու համակարգված շարադրանք: Նպատակն է հիմնավորել և ապացուցել աստվածային հայտնության ճշմարտությունը: Քրիստեական աստվածաբանությունը հիմնված է Աստվածաշնչի վրա: Աստվածաբանության քննական ուսումնասիրության և մտածողության առարկան բոլոր կրոն. երևույթներն են և Սուրբ Գրքի հիմնական թեմաները. Աստված, այնպես, ինչպես հայտնվեց Քրիստոսով, մարդ, պարտականություն, մեղք, փրկություն, կյանք և վախճան, հավիտենականություն ևն: Աստվածաբանությունը բացատրում է հավատը տրամաբանական վերլուծությամբ, մեկնողական պարզաբանմամբ և իմացական եղանակների կիրառությամբ` հասնելու համար հասկանալի, բայց անբացատրելի խորհուրդների բանաձևմանը:

Հին հույներն աստվածաբան են անվանել այն փիլիսոփաներին, գրողներին, բանաստեղծներին, որոնք աշխարհի, մարդու ծագումը վերագրել են «աստվածներին» և խոսել նրանց մասին, իսկ քրիստոնյա հույները` Աստծո մասին խոսողներին և Աստծո խոսքի պաշտպաններին: Քրիստեական ավանդությունը չորրորդ Ավետարանի հեղինակին` Հովհաննես ավետարանչին մեծարել է  «աստվածաբան» պատվանունով` Աստծո Բանի հավիտենական ծնունդի, Բանն Աստծո գաղափարը Քրիստոսի անձի հետ միացնելու և Մարդեղության խորհրդի բացահայտման համար:

Քրիստոնեության առաջին դարերում աստվածաբանել նշանակել է առհասարակ օրհնաբանել Աստծուն, խոսել նրա էության և ինքնության (հարաբերական իմաստով), սիրո և հոգածության մասին համաձայն հայտնության տվյալների, Աստվածաշնչի խոսքերի և մանավանդ` Քրիստոսի կյանքի, նրա պատգամած ճշմարտությունների, որոնք փոխանցվել են մարդկությանը առաքելական ավանդության միջոցով:

Սակայն հետագայում աստվածաբանությունը դուրս է եկել իր պաշտամունքային և պարզ նկարագրական բնույթի սահմաններից և չի մնացել Աստծո մասին միայն հայտնության տվյալներով խոսելու համեմատաբար սահմանափակ շրջագծում: Եկեղեցու հայրերը, ելնելով գնոստիկյան (տես Գնոստիցիզմ) և քրիստոնեական աղանդների ու հերձվածների դեմ գաղափարական պայքարի անհրաժեշտությունից, սկսել են իմացական հայեցողությամբ պարզաբանել քրիստեական հավատը, փիլիսոփայությունից փոխառնելով վերլուծման եղանակներ, փաստարկված, տրամախոսական ոճ, եզրեր, բանաձևումներ: Քրիստոնեական ճշմարտությունները սկսել են սահմանվել, մեկնաբանվել, պաշտպանվել ընդդեմ հերետիկոսական մեկնաբանությունների, ժխտումների և այլափոխումների: Աստվածաբանության հիմնական բովանդակությունը կազմել են քրիստոսաբանությունը և երրորդաբանությունը:

Ստեղծվել են առաջին քրիստոնեական աստվածաբանական դպրոցները, որոնցից նշանավոր էին Ալեքսանդրիայինը և Անտիոքինը: Վերջիններս մեծ դեր են խաղացել արևելյան և արևմտյան աստվածաբանական մտքի ձևավորման և զարգացման գործում: Աստվածաբանության՝ եկեղեցու հայրերի մշակած եղանակն ունեցել է առավելապես ջատագովական, քարոզխոսական և մեկնողական բնույթ:

Արևմուտքում միջին դարերում, հատկապես սխոլաստիկայի ծաղկման շրջանում (XI–XIII դդ.) հույն դասական փիլիսոփաների, մասնավորապես Արիստոտելի մշակած փիլիսոփայության գիտական և մեթոդաբանական տվյալների ազդեցությամբ Աստվածաբանությունը ստացել է գիտական առարկայի նկարագիր, դարձել ինքնուրույն գիտություն իր ներքին բաժանումներով և ճյուղավորումներով: Աստվածաբանությունը գրավել է համալսարանական ուսման կենտրոնական տեղը, իսկ մյուս գիտությունները որակվել են որպես աստվածաբանության «աղախին»:

XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում քրիստոնեության մեջ ծնունդ առած բողոքականությունը սկիզբ է դրել բողոքական աստվածաբանությանը՝ իր տարբեր հոսանքներով և ուղղություններով:

Հայ աստվածաբանությունը հիմնականում հետևել է հայրաբանական շրջանի (II–V դդ.) մշակած աստվածաբանության տիպին՝ ունենալով գլխավորապես ջատագովական և հակաճառական բնույթ: Սկսած XIV դարից հայ աստվածաբանության մեջ երևան են եկել դպրոցական (սխոլաստիկական) մտակառուցման ազդեցություններ:

Գիտական աստվածաբանության հայ մեծագույն ներկայացուցիչը Գրիգոր Տաթևացին է, որը Հայաստանում տարածված՝ ժամանակի լատինադավան հոսանքի՝ ունիթորության դեմ պայքարել է իրենց իսկ զենքով և եղանակով: Հայոց գրերի գյուտից հետո, երբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի, Եզնիկ Կողբացու, Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի և այլոց ջանքերով ստեղծվել է աստվածաբանական թարգմանչական և ինքնուրույն հարուստ գրականություն, ձևավորվել է հայ աստվածաբանական միտքը. նպատակն էր հեթանոսության և զրադաշտականության հերքումը, քրիստոնեական կրոնի սկզբունքների հիմնավորումը, աղանդավորության (մանիքեություն, մծղնեություն, պավլիկյաններ, արիոսականություն, նեստորականություն, թոնդրակեցիներ ևն) դեմ պայքարը: Քաղկեդոնի ժողովից հետո մեծ կարևորություն է ստացել քաղկեդոնականության դեմ պայքարը, Հայ և Հույն, Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության փորձերին դիմ ագրավելը, Հայ եկեղեցու ծիսադավանական ինքնուրույնության և անկախության պահպանումը:

Ասպարեզ են եկել հայ աստվածաբանական մտքի խոշոր ներկայացուցիչներ Ստեփանոս Սյունեցին, Մաթուսաղան, Խոսրովիկ Թարգմանիչը, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհաննես Սարկավագը, Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Նոր շրջանի հայ նշանավոր աստվածաբաններն են Ա. Տեր-Միքելյանը, Կ. Տեր-Մկրտչյանը, Մ. Օրմանյանը (տես նաև Աստվածաբանական-դավանաբանական գրականություն):

Աստվածաբանությունը բաժանվում է երեք մեծ ճյուղի՝ տեսական, պատմական, գործնական, որոնք իրենց հերթին ունեն ներքին բաժանումներ:

Տեսական աստվածաբանությունը ստորաբաժանվում է երկու մասի՝ վարդապետական կամ դավանաբանական աստվածաբանության (կոչվում է նաև ուղղակի դավանաբանություն) և ջատագովական աստվածաբանության: Վարդապետական աստվածաբանության առարկան են կազմում քրիստոնեական հավատի էական տարրերը, հիմնական սկզբունքները, որոնք եկեղեցու կողմից ճանաչված են որպես հավատի կանոն կամ դավանանք: Վարդապետական աստվածաբանությունը գիտություն է եկեղեցու վարդապետած ընդհանուր հավատալիքների մասին: Նպատակն է ներկայացնել քրիստոնեական հավատի ճշմարտությունը, իմացական հայեցողության եղանակով վերլուծել հայտնության տվյալները՝ սուրբգրային և եկեղեցական ավանդության հիման վրա, բացատրել աստվածային տնօրինության իմաստը և այն ներկայացնել որպես ժամանակի ու տարածքի մեջ նյութավորված օրինաչափությունների որոշակի համակարգ: Վարդապետական կամ դավանաբանական աստվածաբանությունն ունի իր առարկաները. իմացաբանական աստվածաբանություն, աստվածագիտություն, երրորդաբանություն, արարչագիտություն, մարդաբանական Ա., քրիստոսաբանություն և փրկագործություն, մարեմաբանություն, հոգիաբանություն (ուսմունք Սուրբ Հոգու էության մասին), եկեղեցաբանություն, խորհրդագիտություն, շնորհաբանություն, վախճանաբանություն:

Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանցի» «Յաղագս աստուածաբանական եղանակած» ենթավերնագրի ներքո վարդապետական աստվածաբանությունը բաժանել է չորս հիմնական մասի. ա. տպավորական, բ. պատճառաբանական, գ. նշանական (սիմվոլիկ), դ. խորհրդական (միստիկ): Այս չորս բաժանումներից բացի, Գրիգոր Տաթևացին, հետևելով Գրիգոր Նազիանզացուն, աստվածաբանությունը բաժանել է ևս երկու մասի («դրութիւն», «բացաբարձումն»)՝ դրականի և ժխտականի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ երկու ենթամասերի: Դրական աստվածաբանությունը («կա և անվանվում է», «չկա և անվանվում է») իր մեջ բովանդակում է տպավորականը, պատճառաբանականը և նշանականը, որոնք հայտնության հիման վրա տալիս են Աստծո, Ս. Երրորդության անձերի, որպես Լույս, Կյանք, Սեր ևն, որակումները, ինչպես նաև՝ Աստծուն վերագրում առարկաներ կամ հատկություններ, որոնք իրականում չկան («Աստծո մատը», «Աստված» հանգստացավ» ևն): Ժխտական աստվածաբանության մեջ մտնում է խորհրդականը («կա և չի անվանվում»), որն Աստվածությունը բնորոշում է անսկիզբ, անվախճան, անպարագիծ, ոչ միտք, ոչ խոսք և այլ որակումներով: Աստվածաբանության չորրորդ եղանակն իր մեջ մեկտեղում է դրականն ու ժխտականը («չկա և չի անվանվում»): Առաջնորդվելով Դիոնիսիոս Արիոպագացու վարդապետությամբ՝ Գրիգոր Տաթևացին հաստատում է, որ աստվածաբանելու բարձրագույն եղանակը խորհրդականն է, որն անճառելի է ու անիմանալի, բացառում է ամեն տեսակ միտք, խոսք ու պատկեր, պաշտամունքն իրականացնում է կատարյալ լռության մեջ:

Ջատագովական աստվածաբանության նպատակն է հիմնավորել քրիստոնեական հավատի ճշմարտությունը և ուղղափառությունն ընդդեմ հերքումների, աղանդավորական և հերձվածողական աղավաղումների, ինչպես նաև ընդդիմանալ մեկ այլ կրոնի: Աստվածաբանության նախնական նկարագիրը եղել է ջատագովական, իսկ ջատագովությունն ունեցել է ժխտողական բնույթ՝ ուղղված լինելով այս կամ այն աղանդի դեմ («Ընդդէմ հրէից», «Ընդդէմ Մարկիոնի», «Ընդդէմ Կելսոսի», «Եղծ աղանդոց» ևն): Ներկայումս ջատագովական Աստվածաբանությունը հետևում է դրական մեթոդաբանությանը և կրել է բովանդակային փոփոխություններ: Ջատագովական աստվածաբանությունը կենտրոնացել է այնպիսի հիմնահարցերի շուրջ, ինչպիսիք են մարդկային ճանաչողության արժեքը, մարդու դերը արտաքին իրականության, հավատի ընկալման և մեկնաբանման մեջ, ժամանակակից գիտական առաջադիմությունից եկած առարկությունները ևն: Աստվածաբանության այս բնագավառը այլևս չի զբաղվում լոկ ջատագովելով, այլ որպես իր առանցքային նպատակադրումներից է ընկալում ջատագովելու հետ միասին նաև հավատի նկատմամբ մարդու դիրքը իմացաբանորեն և մեկնողաբանորեն հիմնավորելու պահանջը:

Պատմական աստվածաբությունն ուսումնասիրում է քրիստոնեական հավատի ծագման, տարածման, մարդանց և հասարակությունների կյանքում գործնական դրսևորման հարցեր, եկեղեցու ծագումը, զարգացումը և ժամանակակից վիճակը, դավան. բանաձևումների ձևավորման, պաշտամունքի, ծեսի, արարողությունների ծագման և զարգացման ընթացքը, Աստվածաշնչի գրքերի կազմության, կանոնի, խմբագրության, բնագրային մեկնության և հարակից այլ հարցեր:

Պատմական աստվածաբանությունը ստորաբաժանվում է հետևյալ մասերի. Հին և Նոր կտակարանների ներածություն, դավանանքների պատմություն, եկեղեցու պատմություն, ծիսագիտություն, կանոնագիտություն, հայրաբանություն:

Գործնական աստվածաբանությունը բովանդակում է այն մեթոդներն ու միջոցները, որոնցով տեսականորեն ըմբռնված և պատմականորեն լուսաբանված քրիստոնեական հավատը կարող է փոխանցվել ժողովրդին և գործնականորեն կյանքի կոչել Քրիստոսի քարոզած ճշմարտությունները, քահանայագործության կատարման եղանակները: Տեսական ճշմարտությունն ու պատմական երևույթն ընթացք են և միջոց քրիստոնեական հավատը գործնականորեն արտահայտելու, գիտակցական մտքով, պատասխանատվության զգացումով և անձնական վկայությամբ ապրելու համար: Գործնական աստվածաբանության ստորաբաժանումներն են հովվական աստվածաբանությունը, բարոյագիտությունը կամ բարոյական աստվածաբանությունը, քարոզխոսությունը:

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729:

Տեր-Միքելյան Ա., Աստվածաբանական գիտութիւնները, «Արարատ», 1893, դ 6–8:

Թոփճյան Հ., Ի՞նչ է արդի աստուածաբանութիւնը, «Լոյս», 1905:

Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին..., Ե., 1993:

Գարեգին Ա, Համառոտ ձեռնարկ հովուական աստուածաբանութեան, 3 հրտ., Էջմիածին, 1996:

Մեսրոպ Գ., Հովուական աստուածաբանութիւն Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, Անթիլիաս, 1979:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am