ԱՍՏՐԱԽԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1717-ին: Առաջնորդանիստը՝ Աստրախանի Ս. Աստվածածին եկեղեցի: Ռուսաստանի հայոց առաջին թեմը: Միավորել է Ռուսաստանի հայկական բոլոր համայնքները: Թեմի առաջին առաջնորդն է եղել Ս. Էջմիածնի կողմից 1717-ին նշանակված Ստեփանոս արք. Գաղաթացին:

Հետագա տարիներին Աստրախանի թեմի առաջնորդների թեկնածությունները համաձայնեցվել են Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչը փաստել է Աստրախանի թեմի կարևոր դերը ռուս-հայկական հարաբերություններում:

Աստրախանի թեմը սերտ կապեր է ունեցել Ս. Էջմիածնի և Գանձասարի կաթողիկոսությունների հետ, նպաստել Ռուսաստանի հետ հայ ժողովրդի քաղաքական և մշակութային առնչություններին: Աստրախանի թեմի առաջնորդ Հովսեփ արք. Արղությանի օրոք (1773–1800) Աստրախանում ստեղծվել է հոգևոր խորհուրդ (1786), հիմնվել հայկական տպագրության պատմության մեջ զգալի դեր խաղացած առաջնորդարանի տպարանը (1789), եկեղեցու միջոցներով բացվել են Ռուսաստանում առաջին հայկական դպրոցները, կառուցվել հայկական նոր եկեղեցիներ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Նոր Նախիջևանում, Ղզլարում, Մոզդոկում: 1800-ին Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված Հովսեփ Արղությանին Աստրախանի թեմի առաջնորդի պաշտոնում փոխարինել է Եփրեմ արք. Ձորագեղցին (1801–09-ին, 1809–30-ին՝ Եփրեմ Ա Ձորագեղցի Ամենայն հայոց կաթողիկոս):

XVIII դ. 2-րդ կեսին և XIX դ. սկզբին Ռուսաստանի հայ բնակչությունը շարունակել է ստվարանալ: Կազմավորվել են հայկական եկեղեցական նոր համայնքներ, հայաբնակ քաղաքներում կառուցվել հայկական նոր եկեղեցիներ՝ Ս. Կատարինեն (1770), Ս. Հարությունը (1779)՝ Սանկտ Պետերբուրգում, Ս. Խաչը (1779)՝ Մոսկվայում, Ս. Խաչ վանքը (XVII դ. վերջ)՝ Նոր Նախիջևանում:

1830-ական թթ. սկզբին Աստրախանի թեմում գործել է 17 եկեղեցի, բացվել են Աղաբաբյան դպրոցը (1810), Աստրախանի հոգևոր ուսումնարանը (1817), Հայոց թեմական դպրոցը (1838) ևն: Ռուսաստանում հայ բնակչության աճի հետևանքով Աստրախանի թեմը երկատվել է: 1830-ին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, իսկ Աստրախանի թեմի իրավասության ներքո մնացել են Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հս. Կովկասի, Պովոլժիեի, Սիբիրի և Միջին Ասիայի հայկական համայնքները:

XIX դ. 2-րդ կեսին Աստրախանի թեմի կազմում ստեղծվել են հայկական նոր համայնքներ Միջին Ասիայի քաղաքներում, Եկատերինոդարում, Վլադիկավկազում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Արմավիրում, Հս. Կովկասի այլ վայրերում:

Հայաբնակ քաղաքների և գյուղերի մեծ մասում կառուցվել են եկեղեցիներ, բացվել ծխական դպրոցներ: XIX դ. 2-րդ կեսին Աստրախանի թեմի առաջնորդներ են եղել Հայ եկեղեցու ականավոր դեմքեր Գևորգ արք. Սուրենյանցը (1886–94, 1911–30-ին՝ Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն հայոց կաթողիկոս), գրող և մանկավարժ Խորեն արք. Ստեփանեն (1894–1906), հասարակական գործիչ Արիստակես արք. Սեդրակյանը: Վերջին առաջնորդն էր Մխիթար եպիսկոպոսը (1906–17):

1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Աստրախանի թեմից անջատվել են Միջին Ասիայի հայկական համայնքները, նրա իրավասության ներքո մնացել են Հսյուսիսային Կովկասի և Պովոլժիեի հայ համայնքները: Աստրախանի թեմը վերանվանվել է Հս. Կովկասի և Աստրախանի թեմ, կենտրոնը՝ Արմավիր (1920-ից): 1960-ական թթ. սկզբին թեմը լուծարվել է:

1966-ին նախկին Աստրախանի թեմի համայնքները միացել են Նոր Նախիջևանի թեմի հետ, և կազմվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ Մոսկվա կենտրոնով:

Ժորես Անանյան

Վարդան Խաչատրյան

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Խաչատրյ ան Վ., Հայ-ռուսական քաղաքական կապերի պատմությունից, ՊԲՀ, 1978, 4:

Ананян Ж., Хачатурян В., Армянские общины России, Е., 1993.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am