Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի

ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի հարավային կողմում: Կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել 666-ին. օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661–667):

Մինչև Ս. Գրիգոր եկեղեցու հիմնադրումն Արուճում գոյություն է ունեցել մեկ այլ եկեղեցի, որի քահանա Գիորգոսը մասնակցել է Դվինի Գ եկեղեցական ժողովին (609): Հավանաբար դա այն բազիլիկ կառույցն է, որը գտնվում է եկեղեցու հարավ-արևելյան կողմում և հետագա վերակառուցման հետևանքով վերածվել է, ըստ որոշ ուսումնասիրողների, աշխարհիկ շինության:

Ըստ կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու, իշխան Գրիգոր Մամիկոնյանը Արուճի Ս. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում կառուցել է «իր արքունիքը»՝ պալատական համալիրը: 867-ին, եկեղեցու ներսում՝ հարավ-արևելյան ավանդատան դիմաց, քերել են սվաղի մի հատվածը և փորագրել Արուճի և հարևան Կոշ գյուղի ջրօգտագործման հետ կապված վեճը կարգավորող որոշում-արձանագրությունը, որը թողել է Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու ներկայացուցիչ, Վռամի որդի Գրիգորը: 973-ին ոմն Գորամ վարպետ Դավթի ձեռքով նորոգել է Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին:

987-ին Սմբատ Բ Բագրատունի արքան, ըստ եկեղեցու հարավային պատի արձանագրության, Արուճին հարկային արտոնություն է տվել: Արուճի Ս. Գրիգոր եկեղեցու հարավային մուտքի ճակատի վրայի արձանագրության համաձայն, 1285-ին Արուճի բնակիչներն ազատվել են բնահարկից: XIII դ. Մարգար կազմողը եկեղեցու հյուսիսային պատի արևելյան որմնամույթի վրա քանդակել է չորս մեծ և երեք փոքր խաչեր: XV դ. Խաչատուր վարդապետը նորոգել է Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին: XVI–XIX դդ. եկեղեցին կիսավեր էր և լքված: 1946-ին նորոգվել են եկեղեցու հարավային և արևմտյան պատերի քանդված հատվածները, վերանորոգվել քիվերը և տանիքը: 1947–52-ին Արուճի Ս. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում պեղումներով (ղեկավար՝ Վ. Հարությունյան) բացվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառուցած պալատը: 1958–59-ին ամրացվել է եկեղեցու աղոթասրահի արևմտյան կողմի թաղը: 1964-ին բարեկարգվել է եկեղեցու շրջակա տարածքը:

Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի (16,95 մ x 34,5 մ արտաքին չափերով), արևելքից երկու ավանդատներով, գմբեթի (այժմ՝ քանդված) առագաստային անցումով բարձրարվեստ կառույց է՝ միասնական ու վեհաշուք ներքին տարածությամբ: Լուսավորվել է 41 պատուհաններից և երեք լայնադիր դռներից ներթափանցող առատ լույսով: Եկեղեցու կառուցմանը ժամանակակից որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ Ավագ խորանում:

Գմբեթարդում պատկերված է եղել «Օրենք տվող Աստծու» պատկերագրական և Ավետարանում շարադրված «Համբարձման» տեսարանի համատեղումը ներկայացնող հորինվածք: Հատկապես տպավորիչ է եղել Քրիստոսի մեծադիր պատկերը, որը սկզբնապես 7 մ բարձրություն է ունեցել (պահպանվել է միայն ծնկից ներքև եղած հատվածը): Զարդարուն պատվանդանին կանգնած Քրիստոսը ձեռքին ուներ Հովհաննեսի Ավետարանից վերցված քաղվածքով (Հովհ. 14.21) հայագիր մագաղաթագալար: Պատկերի առանձին մանրամասեր եղել են ոսկեզօծ:

Քրիստոսից ցած, պատվանդանի հավասարությամբ, ողջ խորանը երիզված է խոշոր ականթ ազարդերից կազմված լայն գոտիով՝ կատարված հայ հելլենիստական արվեստի ավանդույթներով և մեծ վարպետությամբ: Զարդագոտուց ներքև, Ավագ խորանի երկու կողմերի պատերին եղել են ձեռքերին գրքեր պահած առաքյալների պատկերները (հյուսիսային պատին պահպանվել են միայն նրանցից վեցի պատկերները): Քրիստոսի պատվանդանի տակ նկարչի մակագրությունն է. «Ստեփաննոս ն[կ]ա[ր]եաց»: Վերջինս VII դ. հայտնի առաջին հայ նկարիչն է:

Կարեն Մաթևոսյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ղևոնդ, Պատմութիւն, Ե., 1982:

Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Ե., 1996:

Եղիազարյան Հ., Գրիգոր Մամիկոնյան իշխանի կառուցած տաճարը և պալատը Թալիշ գյուղում և վերջինիս հնագիտական պեղումները, «Էջմիածին», 1955, 2:

Մաթևոսյան Կ., Արուճ, Ե., 1987:

Арутюнян В., По поводу датировки храма в Аруче, Е., 1946.

Дурново Л.А., Очерки изобразительного искусства средневековой Армении, М., 1979.

Котанджян Н. Г., Цвет в раннесредневековой живописи Армении, Е., 1978.

Der Nersessian S., L’art armenien des origines au XVII siecle, P., 1977.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am