«ԱՐԾՎԻԿ ՏԱՐՈՆՈ», երկշաբաթաթերթ: Հրատարակվել է 1863–65-ին, Տարոնի Ս. Կարապետ կամ Իննակյան վանքում: Խմբագիր՝ Գ. Սրվանձտյանց: Տիտղոսաթերթը՝ «Թռուցեալ թևոք Վասպուրական Արծվոյն», հայտնում էր թերթի գաղափարական մերձությունն «Արծվի Վասպուրական» պարբերականին և նրա խմբագիր Մ. Խրիմյանի հավատամքին: Ունեցել է ժողովրդավարական ուղղվածություն.առաջադրել է ազգ-ազատագրական պայքարի գաղափարներ, խարազանել սեփական և այլ ազգի շահագործողների ու կառավարական պաշտոնյաների կամայականությունները, բողոքագրեր ուղղել Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին: Քննադատել է հայ կղերականության որոշ ներկայացուցիչների քսու և անբարո վարքը՝ հանուն անձնական բարօրության ու կրոնական բարձր աստիճանի: Պատրիարքից պահանջել է բարենորոգումներ Հայ եկեղեցու ներսում, հայ հոգևորականների նոր սերնդի ստեղծում, ազգային սահմանադրության գործադրություն արևմտահայ գավառներում:

Թուրքական կառավարությունը՝ որպես քաղաքականապես անբարեհույս պարբերական, 1864-ին կարճ ժամանակով դադարեցրել է «Արծվիկ Տարոնո»-ի լույսընծայումը: Վերստին հրատարակվելով՝ թերթը ծավալել է լուսավորական գործունեություն, նպաստել Տարոնում նոր ընկերությունների, աշխարհիկ ու հոգևոր դպրոցների հիմնադրմանը:

«Արծվիկ Տարոնո»-ն եղել է Մ. Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության գաղափարների արևմտահայ քարոզիչը, գյուղացուն համարել ազգի «հաստարանը», իսկ երկրագործության զարգացումը՝ հայ ժողովրդի բարգավաճման հիմք: Տարոնի տարածքի այդ առաջին տպագիր պարբերականը վերջնականապես փակվել է հայ որոշ հոգևորականների և մեծահարուստների ջանքերով:

Էմմա Կոստանդյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Կոստանդյան Է., Գարեգին Սրվանձտյանց (կյանքն ու գործունեությունը), Ե., 1979:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am