ԱՐԾՎԱԲԵՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ, Խառաբաստավանք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Աղիովիտ գավառում, Արճեշից հյուսիս-արևելք: Վանքի Ս. Աստվածածին եկեղեցին (VII դ.) հռիփսիմեատիպ է՝ եզակի առանձնահատկությամբ. արևմտյան ավանդատները սրահաձև են, ներսից մուտք չունեն և արևմտյան պատի փոխարեն արված կամարակապ մեծ բացվածքով հաղորդակցվում են դրսի հետ: Որպես հյուսիս-արևելյան ավանդատան բարավոր օգտագործված է ուրարտական կոթող՝ Արգիշտի Ա թագավորի (Ք. ծ. ա. 786–764) արձանագրությամբ:
Արծվաբերի Ս. Աստվածածին վանքը ուսումնագիտական բուռն վերելք է ապրել, երբ վանահայր Զաքիոսի հրավերով 1388-ին Աստապատի դպրոցից այստեղ է տեղափոխվել Սարգիս Ապրակունեցու վարդապետարանը: Վանքն ունեցել է 60 աշակերտ, գործել է հռչակված Խառաբաստավանքի գրչության կենտրոնը. ողջ Վասպուրականից ձեռագրեր են հավաքել, երկեր ընդօրինակել և նորերը գրել: Ըստ XV դ. պատմիչ Թովմա Մեծոփեցու, Արծվաբերի Ս. Աստվածածին վանքը վերածվել է «գիտության փեթակի»: Դասավանդող վարպետներից՝ Հովհան Որոտնեցու աշակերտ Գրիգոր Խլաթեցին Զաքիոս եպիսկոպոսի մահից (1401) հետո դըպրոցը տեղափոխել է Ցպնավանք: Արծվաբերի Ս. Աստվածածին վանքում գիտական և գրչական կյանքը վերստին աշխուժացել է Գրիգոր Տաթևացու աշակերտ և Թովմա Մեծոփեցու դասընկեր Կարապետ վարդապետի առաջնորդության ժամանակ, որը նորոգել է վանքը, ձեռք բերել Անիշատ գյուղը, այգիներ, արտեր, ջրաղացներ: Հայտնի են Արծվաբերի Ս. Աստվածածին վանքում ընդօրինակված Ոսկեփորիկ (1391, գրիչ՝ Գրիգոր Խլաթեցի), «Մեկնութիւն հնգեմատենին Վարդանայ Արևելցո» (1393, գրիչ՝ Մխիթար), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը» (1414, գրիչ՝ Սարգիս) և «Քարոզգիրքը» (1418, գրիչ՝ Հակոբ), ինչպես նաև Մաշտոց (1443), Հայսմավուրք (1457, երկուսն էլ՝ գրիչ Իգնատիոս), Շարակնոց (1462) և 10 այլ ձեռագրեր: 1435-ին վանքը տուժել է Շահռուխի ասպատակությունից: 1441-ին վանահայր Կարապետ վարդապետը մասնակցել է Կիրակոս Վիրապեցու (Կիրակոս Ա Վիրապեցի) ընտրություններին, որն իր կրթությունն ստացել էր Արծվաբերի Ս. Աստվածածին վանքում և այստեղ քահանա ձեռնադրվել:
XVIII–XIX դդ. վանքն անկում է ապրել, 1830-ին քանդվել է եկեղեցու գմբեթը, 1867-ին Կ. Պոլսի պատրիարքությունը Արծվաբերի Ս. Աստվածածին վանքում հանձնել է Լիմ անապատի վանահայր Անանիա վարդապետի տնօրինությանը: 1895-ին վանքը և նրա մատենադարանը կողոպտվել են:
Մուրադ Հասրաթյան
Արտաշես Մաթևոսյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860:
Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:
Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 2, Վնն., 1942:
Thierry J.M., L’eglise armenienne de la Mere de Dieu d’Arcuaber, “Cahiers archռologiques”, XXV, P., 1976.
Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988.

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am