Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արշարունյաց դպրոցներ

ԱՐՇԱՐՈՒՆՅԱՑ ԴՊՐՈՑՆԵՐ, գործել են V–XIV դդ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում: Մեզ հայտնի գրչության հնագույն խոշոր դպրոցներ են եղել Մայրաձոր անապատն ու Սանդղկավանքը: Հիմնադրվել են V դ., Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի աշակերտներ Թաթուլի ու Վարոսի ջանքերով:

Բուռն ծաղկում են ապրել VI դ.: Այնտեղ ընդգրկված էին 36 ընտիր գրչագրեր: Ուսուցանել են գրչության արվեստ, աստվածաբանություն և փիլիսոփայություն: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Արշարունյաց դպրոցը VII դ. համարվել է «վարդապետարան հայոց...»: Արշարունյաց իշխաններից բացի դպրոցը հովանավորել են Բագրատունիները և Կամսարականները: Վահան Կամսարականի խնդրանքով «քաջ փիլիսոփա և նախընտիր վարդապետ» հռչակված Գրիգորիս Արշարունին VIII դ. սկզբին շարադրել է «Մեկնութիւն ընթերցուածոց» աշխատությունը: X դ. վերջին Կարսի Աբաս թագավորը (984–1029) Արշարունյաց գավառում է կառուցել վանք՝ կից կառույցներով և համալրել կրոնավորներով:

Նույն դարում աչքի է ընկել Վարդկավանքի դպրոցը, վարդապետարանը վերաշինող՝ առաջնորդ Վարդիկի անունով: Հաճախադեպ արշավանքները կործանել են մշակութային կենտրոնները, սակայն դրանցից ոչ հեռու ծաղկել են այլ կենտրոններ: X դ. Կաղզվանի մոտ հիմնադըրվել է Կամրջաձորի դպրոցը, որն ունեցել է մոտ 300 միաբան ու սան: Նշանավոր էին Սամվել Կամրջաձորեցին, նրա աշակերտներ Ստեփանոս Ասողիկը և Գևորգ Թառիճեցին (Ուռճեցին), որոնք հռչակվել են որպես աստվածաբաններ և երաժիշտներ: XI դ. զարգացում են ապրել Մայրաձորի կամ Կանչնուտի և Սանդղկավանքի գրչության դպրոցները: Արշարունյաց դպրոցներից մեզ են հասել «Մողնու», «Սանդղկավանքի» և «Բեկյունց» Ավետարանները, որոնց նկարազարդումները (գրիչ և ծաղկող՝ Հովհաննես Սանդղկավանեցի) հայ մանրանկարչության արժեքավոր գործերից են: XIV դ. հայտնի էին Հանկյունաց վանքի, Կաղզվանի և գրչության այլ դպրոցներ:

Արտաշես Մաթևոսյան

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:

Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X–XV դդ.), Ե., 1958:

Մաթևոսյան Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, № 10, 1971:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am