Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արիստակես Լաստիվերցի

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԼԱՍՏԻՎԵՐՑԻ, Արիստակես Լաստիվերտցի [մոտ 1002, գ. Լաստիվեր (Բարձր Հայք նահանգի Կարնո գավառ) –1080], պատմագիր: Վկա է եղել սելջուկ թուրքերի վայրագություններին, Արծնի և Սմբատալեռան (Սմբատաբերդի) սոսկալի կոտորածներին, տեղահանվել է և հալածվել:

Արիստակես Լաստիվերցին խորացել է աստվածաբանության և ճարտասանության մեջ, տիրապետել է հունին, ուսումնասիրել Հայաստանի և Բյուզանդիայի պատմությունը: Գլխավոր աշխատությունն է 1072–79-ին գրած «Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ վարդապետի...» երկը:

Բաղկացած է չափածո նախերգանքից, 25 գլխից և հեղինակի հիշատակարանից: Արիստակես Լաստիվերցին իր նկարագրած դեպքերի մեծ մասի ժամանակակիցն է և ականատեսը: Ողբալով սելջուկ թուրքերի պատճառած աղետները և նվաճված Հայաստանի վիճակը՝ պատմական դեպքերին վկայաբանական բնույթ չի տվել, ներխուժումները չի դիտել իբրև կրոնական տարբերության հետևանք, այլ համարել զավթողական պատերազմ, որի դեմ պետք է պայքարել: Բուն շարադրանքն ընդգրկում է 1000–45-ի հայ-բյուզանդական հարաբերությունները, սելջուկյան արշավանքները 1047–1048-ից մինչև Անիի գրավումը (1064) և Մանազկերտի ճակատամարտը (1071): Մանրամասն նկարագրել է Տայքը նվաճելու Բյուզանդիայի փորձերը (1000–22), բանակցությունները հայ և վրաց իշխանների հետ, Անիի թագավորության անկումը (1045) և այն: Բյուզանդիայի պատմությանը վերաբերող գլուխները լիովին համընկնում են բյուզանդական պատմիչների, ինչպես նաև արաբ և պարսիկ մատենագիրների տեղեկություններին՝ երբեմն նաև լրացնելով նրանց:

Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Xդ. և XI դ. 1-ին կեսի Հայոց կաթողիկոսների (Պետրոս Ա Գետադարձ, Խաչիկ Բ Անեցի, Սարգիս Ա Սևանցի), աստվածաբան վարդապետների և մատենագիրների (Սարգիս, Տիրանուն, Ենովք, Ստեփանոս Տարոնեցի, Սամվել Կամրջաձորեցի, Հովհաննես Կոզեռն) մասին: Կարևոր են տեղեկությունները կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի քաղաքական գործունեության մասին (1022-ի Տրապիզոնի բանակցությունները, նրա դիրքորոշումը 1045-ի Բյուզանդիայի քաղաքականության հանդեպ և հայրենադավ դերը Անին կայսրությանը հանձնելու գործում): Թոնդրակյան շարժմանը (տե՛ս Թոնդրակեցիներ) նվիրված 22-րդ և 23-րդ գլուխներն ունեն աղբյուրագիտական բացառիկ արժեք, որովհետև Արիստակես Լաստիվերցու տեղեկություններն այլ աղբյուրներում չեն հանդիպում: Ի շարսայլ հոգևորականների՝ նա այն կարծիքին էր, որ Թոնդրակյան շարժումը կործանման է հասցրել Բագրատունյաց թագավորությունը: Թոնդրակյան առաջնորդներից Արիստակես Լաստիվերցին ներկայացրել է Հարք գավառի եպիսկոպոս Հակոբի և Մանանաղիի Կունծիկ աբեղայի գործունեությունը, Հակոբին անվանել է «հայր ամենայն չարյաց», նրա ուսմունքը՝ մծղնեություն: Ըստ նրա՝ Հակոբ Հարքացին իր ճառերով ձգտել է «տապալել սուրբ եկեղեցին»: Շարժման կենտրոն Հարքի Թոնդրակ գյուղը Արիստակես Լաստիվերցին անվանել է «սատանայի բնակարան»: Պատմությունը XI դ. կարևորագույն սկզբնաղբյուր է ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար: Այն միաժամանակ հայրենասիրական ողբ է, որտեղ հեղինակը նկարագրում է XI դ. աղետները: Պատկերավոր և ազդու ոճի շնորհիվ Արիստակես Լաստիվերցու երկը հայ միջնադարյան գեղ. արձակի խոշորագույն գործերից է: Պատմությունը հայերեն առաջին անգամ տպագրվել է 1844-ին, թարգմանվել է ֆրանսիական, ռուսական, վրացական, վերածվել աշխարհաբարի: Աշխատության ձեռագրերը պահվում են Երևանում, Վենետիկում, Վիեննայում, Երուսաղեմում և այլուր:

Արիստակես Լաստիվերցու մյուս աշխատությունը «Մեկնութիւն ընթերցուածոց»-ն է՝ նվիրված Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնի ընթերցվածքների մեկնությանը: Հեղինակի նպատակն է բացատրել Ծննդյան և Մկրտության տոնի ութ օրերի խորհուրդը: «Մեկնությունում» Արիստակես Լաստիվերցին պաշտպանել է Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը միասին նշելու Հայ եկեղեցու առաքելավանդ կանոնը:

«Քարոզ նոր Կիւրակէի» ճառում (կոչվում է նաև «Արիստակէս վարդապետի ասացեալ ի նոր Կիւրակէն») խոսվում է գարնան զարթոնքի, ծաղկապտուղների ու ծաղկասերմերի աճի, գարունը ցնծությամբ դիմավորող կենդանիների և սերմնացան մարդու մասին:

Արիստակես Լաստիվերցին այս համընդհանուր շարժման և վերափոխման մեջ է տեսնում Տերունական տոնի՝ Նոր Կիրակիի խորհուրդն ու մեկնությունը: Տոնի կապակցությամբ հեղինակը կոչ է անում Հիսուսի Հարության օրինակով ոչ թե արտաքնապես, այլ ամբողջ էությամբ վերափոխվել, լցվել նորացման գաղափարով:

Ռաֆիկ Մաթևոսյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Պատմություն, Ե., 1971:

Մանուկյան Գ., Արիստակես Լաստիվերցի. Մատենագրության բանասիրական քննություն, Ե., 1977:

Բաբայան Լ., Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, IX–XIII դդ., Ե., 1981, էջ 126–146:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am