ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐ, Արևորդիք, Հայաստանում և բյուզանդական Միջագետք (Մեսոպոտամիա) բանակաթեմում հիմնականում XI–XII դարերում տարածված քրիստոնեական աղանդ:
Ըստ հայկական աղբյուրների, արևորդիների գաղափարական նախահայր է համարվում մազդակյանների գաղափարախոս Խարգանի որդի մոգ Զրադաշտը (III դ.): Առաջին անգամ հիշատակվում են Գրիգոր Մագիստրոսի՝ հակոբիկ ասորիների կաթողիկոսին գրած նամակում: Արաբական աղբյուրներում արևորդիները կոչվում են «շամսիյյա»՝ արևային:
Նրանք ազգությամբ հայեր էին և ծառայում էին արաբ ամիրաների բանակներում: Արևորդիների մասին ավելի մանրամասն հիշատակում է Ներսես Շնորհալին «Յաղագս Արևորդեացն դարձի» թղթում: Հայոց կաթողիկոսը հայտնում է, որ իր ժամանակ (1170-ական թթ.) Սամոսատ քաղաքում բնակվող արևորդիք կոչված աղանդավորները որոշել են հրաժարվել հերձվածի գաղափարներից ու հավատալիքներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը, «զի որպէս ազգաւ և լեզուաւ ի տոհմէ հայոց են, յօժարին զի և հաւատով և հոգւով ի նոյն միաբանութիւն հաւասարեսցին ընդ նոսա»: Ըստ Ներսես Շնորհալու, Արևորդիների աղանդը շատ հին է, գալիս է Գրիգոր Ա Լուսավորչի ժամանակներից, նրանց հավատալիքները կապվում են հեթանոսական պաշտամունքի հետ: Արևորդիների պաշտած արեգակի տակ Քրիստոսն է ենթադրվել, և Քրիստոսին արեգակ են անվանել: Պաշտել են նաև շուշան ծաղիկը, բարդի ծառը, քանզի, ըստ արևորդիների, Քրիստոսի խաչի փայտը բարդուց էր: Մանիքեցիների (տե՛ս Մանիքեություն) և պավլիկյանների դեմ բյուզանդական եկեղեցու ընդունած «Նզովման բանաձևերում» գրված է. «Նզովում են Քրիստոսին արեգակ անվանողներին և արեգակին աղոթողներին»: Աղբյուրներում արևորդիների մասին վերջին անգամ հիշատակվում է XIV դ.: Մխիթար Ապարանցին վկայում է, որ Մանազկերտի շրջանում դեռևս կային ազգությամբ հայ արևապաշտներ, որոնք ո՛չ գիր, ո՛չ դպրություն ունեին, այլ իրենց գաղափարներն ուսուցանում էին նախնիներից պահպանված ավանդազրույցների միջոցով:
Արևորդիների առանձին համայնքներ Հյուսիսային Միջագետքում, հատկապես Ամիդի շրջանում, պահպանվել են ընդհուպ մինչև XIX դ. վերջը:
Հրաչ Բարթիկյան
Գրկանության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:
Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860:
Ներսես Շնորհալի, Ընդհանրական թուղթք, Երուսաղեմ, 1871, էջ 223–229:
Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910:
Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, էջ 551–552:
Վանցյան Գ., Երկու խոսք արևորդիների մասին, ՀԱ, 1896, էջ 12–19:
Տեր-Մկրտչյան Կ., Պավղիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938 (գերմ. թրգմ. Ա. Աբեղյան):
Бартикян Р. М., Еретики Ареворди (“Сыны солнца”) в Армении и Месопотамии и послание армянского католикоса Нерсеса Благодатного, в кн.: Эллинистический Ближний Восток, Византия и Иран, М., 1967, с. 102-103.
Canard M., Une mention des Arewordik dans un texte historique arabe, “Revue des etudes armeniennes”, 1966, t. 3, p. 201–203.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am