Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի

 ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, բարձունքի վրա: Ըստ արևմտյան մուտքի արձանագրության, կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը: Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցին մեկ զույգ արևմտյան մույթերով, խորանի երկու կողմերում ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք ունի: Ինքնատիպ են խորանի զույգ խաչաձև լուսամուտները: Արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա Աստվածածինն է՝ մանուկ Հիսուսը գրկին: Եկեղեցու ներսում, գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ:

Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու պատկերաքանդակներն ակնհայտ ոճական աղերսներ ունեն հայկական մանրանկարչության ընդհանրացած ձևերի հետ: 1840-ի երկրաշարժից քանդվել է եկեղեցու գմբեթը: 1967–72-ին նորոգվել են Արենիի Ս. Աստվածածին եկեղեցու պատերը և ծածկը: 1998-ին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ վերակառուցվել է եկեղեցու գմբեթն իր նախնական տեսքով՝ բազմանիստ, կիսասյունիկներով զարդարված, հովանոցաձև վեղարով: Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը՝ XIV–XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

Մուրադ Հասրաթյան

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893:

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:

Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:

Թամանյան Յու., Ազատյան Շ., Մոմիկը որպես ճարտարապետ, «Էջմիածին», № 3, 1969:

Материалы по археологии Кавказа, М., 1916.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am