«ԱՐԱՐԱՏ», Մայր աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ամսագիր: Լույս է տեսել 1868–1919-ին Ս. Էջմիածնում: 1868-ից՝ իբրև «աշխատասիրութիւն միաբանից Սուրբ Էջմիածնի» և «ամսագիր կրոնական, պատմական, բանասիրական և բարոյական գիտելեաց», 1898-ից՝ «Պաշտոնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի»: Հիմնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ: Նպատակն էր հայոց կյանքում Մայր աթոռ Ս. Էջմիածնի դերի ու նշանակության բարձրացումն ու ամրապնդումը, Հայ եկեղեցու ուղղափառության, ազգային նկարագրի, ինքնուրույնության և անկախության պաշտպանությունը: Ամսագրի լեզուն աշխարհաբարն էր: Խմբագրել է Ս. Էջմիածնի միաբաններից կազմված կոլեգիան՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նշանակած խմբագրի ղեկավարությամբ: Խմբագիրներ են եղել Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանը, Խորեն վարդապետ Ստեփանեն, Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյանը, Գալուստ Տեր-Մկրտչյանը, Գարեգին վարդապետ Հովսեփյանը (Գարեգին Ա Հովսեփյան), Հուսիկ արքեպիսկոպոս Մովսիսյանը, Աբել աբեղա Աբրահամյանը, Ներսես վարդապետ Միքայելյանը և ուրիշներ:

«Արարատ»-ը Կովկասում հրատարակվող կրոնագիտական, եկեղեցագիտական, հայագիտական, բանասիրական առաջին լուրջ ամսագիրն էր և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղերի զարգացմանը, մեծ դեր խաղացել հայ ժողովրդի եկեղեցական, հասարակական կյանքում:

«Արարատ»-ի շուրջ համախմբվել են ժամանակի գրեթե բոլոր հայ անվանի գիտնականները, աստվածաբան հոգևորականները, գրողները, աշխատակցել են Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Գաբրիել արքեպիսկոպոս Այվազովսկին, Երվանդ վարդապետ Տեր-Մինասյանը, Վ. եպիսկոպոս Մանկունին, Ս. վարդապետ Ամատունին, Վ. վարդապետ Բաստամյանցը, Կոմիտասը, Ղազարոս Աղայանը, Հրաչյա Աճառյանը, Նիկողայոս Ադոնցը, Ստեփան Մալխասյանցը, Լեոն, Ն. Մառը, Հ. Մանանդյանը, Հայկունին, Ստ. Մելիքյանը, Ե. Լալայանը, Գ. Ղափանցյանը, Ա. Հովհաննիսյանը, Հովհ. Հովհաննիսյանը և ուրիշներ:

«Արարատ»-ում հրապարակվել են կաթողիկոսական կոնդակներ և կարգադրություններ, քաղվածքներ Սինոդի գրագրություններից, տեղեկություններ թեմերից, ծիսական և թեմական դպրոցներից, քույր եկեղեցիներից, հայ կաթոլիկ և ավետարանական համայնքների կյանքից:

Նյութեր և ուսումնասիրություններ են տպագրվել հայ ժողովրդի պատմության, հայ հին և նոր գրականության, գաղթավայրերի, հայ բանահյուսության, ազգագրության, հարևան ժողովուրդների հետ հայերի առնչությունների մասին: Զգալի տեղ է հատկացվել հայոց վանքերին, եկեղեցիներին, հայ աղանդներին, վարքագրությանը, գիտության տարբեր ճյուղերին և արվեստին: «Արարատ»-ը կարևոր դեր է կատարել Հայ եկեղեցու դավանանքի, կրոնի, բարոյագիտության, ծիսագիտության, եկեղեցական իրավունքի և հարակից այլ խնդիրների ուսումնասիրման ասպարեզում, մշտապես եղել հայ դավանական մտքի հանդես, Հայ եկեղեցու ուղղափառության պաշտպանության ամբիոն, հայ դավանաբանական գրականությանը նվիրված բնագրերի հրատարակման ու հետազոտման կենտրոն: Ամսագիրն իր առջև խնդիր չի դրել «հավատո վեճեր նորոգել» («Յառաջաբան»), այլ ձգտել է պահպանել Հայ եկեղեցու կարգն ու կանոնը, պարզաբանել եկեղեցու պատմությանն առնչվող հարցերը, ներկայացնել Հայ եկեղեցու դավանական դիրքը, առաքելականությունը, առաքելական հաջորդականությունը, ազգային նկարագիրը նոր հրապարակումների լույսի ներքո և աղբյուրագիտական հիմնավորումներով:

«Արարատ»-ն անցել է ստեղծագործական երկու շրջան՝ 1868–1895 և 1895–1919: Առաջին շրջանում աստվածաբանական, դավանաբանական հոդվածներն ունեցել են մատենագրական, ջատագովական նկարագիր: Հանդես են եկել Ա. արքեպիսկոպոս Մխիթարյանը, Հ. վարդապետ Մովսիսյանը, Մ. արքեպիսկոպոս Օրմանյանը, Ա. Տեր-Միքելյանը, Գ. եպիսկոպոս Այվազովսկին և ուրիշներ:

1895-ից «Արարատ»-ում գերակշռել են հայ դավանաբանական մտքի ուսումնասիրմանը նվիրված գիտական հոդվածները՝ շնորհիվ Մայր աթոռում պաշտոնավարող աստվածաբանների նոր սերնդի և Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի շուրջը բոլորած, Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ հոգևորականների (Կ. վարդապետ Տեր-Մկրտչյան, Գ. Տեր-Մկրտչյան, Ե. վարդապետ Տեր-Մինասյան, Գ. վարդապետ Հովսեփյան և ուրիշներ): 1888-ին «Արարատ»-ում բացվել է «Ս. Էջմիածնի գրադարան» բաժինը, որտեղ հրատարակվել են Հայ եկեղեցու պատմության և դավանության դեռևս «մութ և անծանոթ» մնացած հարցերի վրա լույս սփռող ձեռագիր բնագրեր: 1894-ի դեկտեմբեր – 1899-ին, երբ Կ. վրդ. Տեր-Մկրտչյանը կրոնական բաժնի խմբագիրն էր, «Արարատ»-ը բեղուն շրջան է ապրել աստվածաբանական, դավանաբանական հարցերի ուսումնասիրման և հրապարակման առումով: 1895-ից ստեղծվել է նոր բաժին՝ «Հավելված»: Նրա էջերում հրատարակվել են «Գիրք թղթոց» դավանական ժողովածուի և մի շարք այլ եզակի բնագրեր և ուսումնասիրություններ: «Արարատ»-ի շուրջ համախմբված միաբանները և մտավորականները 1913-ին հրատարակել են «Շողակաթ» հայագիտական ժողովածուի առաջին գիրքը՝ նվիրված հայ գրի ստեղծման 1500 և տպագրության 400-ամյա հոբելյաններին:

«Արարատ»-ը զբաղվել է նաև ընդհանուր աստվածաբանական հարցերով: 1910-ի համարներում տպագրվել է ռուս նշանավոր աստվածաբան, պրոֆ. Ն. Սագարդայի «Հույն-արևելքի հին եկեղեցական աստվածաբանական գիտությունը յուր ծաղկման շրջանում (IVV դդ.)» աշխատությունը, 1917-ի համարներում՝ ռուս գիտնական Ֆ. Մ. Ռոսեյկինի «Կ. Պոլսի Փոտիոս պատրիարքի առաջին պատրիարքությունը» աշխատությունը ևն:

Ամսագիրը մեծ ավանդ ունի նաև հայագիտության զարգացման ասպարեզում: 1870-ի վերջից ընդարձակվել է «Արարատ»-ը ի հայագիտական բաժինը: Հայագիտական ուսումնասիրություններով հանդես են եկել Հ. Մանանդյանը, Ե. վարդապետ Տեր Մինասյանը, Ն. Ադոնցը, Ն. Մառը, Հ. Աճառյանը, Ե. Շահազիզը, Մ. Աբեղյանը, Հ. Օրբելին, թղթակցել են մտավորականներ Տ. եպիսկոպոս Պալյանը, Բ. վարդապետ Կյուլեսերյանը, Կ. Բասմաջյանը և ուրիշներ: Ամսագիրն իր տարածմամբ ու հեղինակների լայն ընդգրկմամբ ստացել է համահայկական բնույթ: Բացվել են հայագիտության ենթաբաժիններ՝ հայ երաժշտության, խազագրության, շարականների (աշխատակցել են Կոմիտասը, Ս. Ամատունին, Սպ. Մելիքյանը), հայ իրավաբանական մտքի (Ս. Տիգրանյանը, Ա. Վարդապետ Ղլտճյանը), գրախոսության ևն: «Արարատ»-ում հրատարակված հայագիտական, պատմաբանասիրական բնույթի մեծարժեք, հարուստ նյութեր բովանդակող ուսումնասիրություններն ընդգրկել են հայագիտության գրեթե բոլոր, հատկապես՝ ձեռագրագիտության, հնագրության, մանրանկարչության ճյուղերը: Մի շարք հայ և օտարերկրյա մատենագիրների աշխատություններ հրապարակվել են գիտական համեմատական բնագրով:

Հայ անվանի շատ գիտնականների լավագույն աշխատություններն առաջին անգամ լույս ենտեսել «Արարատ»-ի էջերում: Նրա վերջին երկու համարները (1918–19) ամբողջովին նվիրվել են հայագիտական նյութերին:

«Արարատ»-ի լավագույն նյութերն ընդգրկող մատենագիտական ցանկերը լույս են տեսել տարբեր պարբերականներում, ձեռք բերել սկզբնաղբյուրի նշանակություն:

Արտաշես Ղազարյան

 

 

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

«Արարատ»-ը ամսագրի 100-ամյակին նվիրված նյութեր, «Էջմիածին», 1968, № 11–12:

Մատենագիտություն «Արարատ» ամսագրի, Էջմիածին, 1970:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am