ԱՌԱՔՅԱԼՆԵՐ (հուն. αποστολος – առաքյալ՝ ուղարկված, պատգամավոր), Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվածներ՝ քարոզելու բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա: Սուրբ Գրքում առկա են առաքելության բազում և տարբեր օրինակներ, ինչպես՝ մարգարեների առաքումը՝ որևէ հանձնարարությամբ, կամ Գաբրիել հրեշտակապետի առաքումը Մարիամ Աստվածածնի մոտ, Հովհաննես Մկրտչի առաքումը Հիսուսի առջևից՝ մարդկանց համար նախապես ապաշխարության ճանապարհը բացելու ևն: Աստծո գերագույն առաքյալը, սակայն, Աստծո Որդին էր՝ Հիսուս Քրիստոսը, «...որին Աստված ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հավատի, որ խոստովանում ենք մենք» (Եբր. 3.1):

Հիսուսն իր համար առաքյալ ընտրեց Հայր Աստծո կամքի համաձայն. նախ, նրանց արդարացրեց իր՝ Հայր Աստծուց ուղարկվածի նկատմամբ հավատքով, այնուհետև փրկագործեց ու մաքրագործեց նրանց. սովորեցրեց իր երկնային պատվիրանները, պատրաստեց իբրև անոթներ՝ իրենց մեջ կրելու Աստծո Խոսքը. տվեց նրանց «իշխանություն պիղծ դևերի վրա» և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթ. 10.1): Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ (տե՛ս Հաղորդություն), հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ. 20.21–23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով (տե՛ս Հոգեգալուստ), որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը. «...Գնացե՛ք ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.18–19, տես նաև Մարկ. 16.14–20, Ղուկ. 24.46–48, Հովհ. 20.19–23, Գործք 1.6–8): Հոգեգալստից ի վեր մարդու եկեղեցագործումը կատարում է աշխարհ առաքված Սուրբ Հոգին: Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող առաքյալները տասներկուսն էին: Նրանք կոչվում են մեծ առաքյալներ:

Լևոն Սարգսյան

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am