ԱՐԱՄ Ա ՔԵՇԻՇՅԱՆ (ավազանի անունը՝ Պետրոս, ծ. 8.3.1947, Բեյրութ), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս 1995-ի հունիսից: Օծվել է 1995-ի հուլիսի 1-ին: Հաջորդել է Գարեգին Բ Սարգիսյանին (1995–99-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան): Նախնական կրթությունն ստացել է Բեյրութի Ազգային Մեսրոպյան վարժարանում, 1961–65-ին սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի (Անթիլիաս) ժառանգավորաց բաժնում, 1965–68-ին՝ ընծայարանի բաժնում:

1970-ին ձեռնադրվել է վարդապետ, 1980-ին՝ եպիսկոպոս, 1985-ին ստացել է արքության տիտղոս: 1968–78-ին բարձրագույն կրթությունը շարունակել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանում, Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնում, Նյու Յորքի Ֆորդհամի համալսարանում, ստացել արվեստի պսակավորի, աստվածաբանության մագիստրոսի, Մերձավոր Արևելքի եկեղեցական պատմության և փիլիսոփայության դոկտորի կոչումներ:

1968–75-ին (մինչև ԱՄՆ ուսման մեկնելը) զբաղեցրել է Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Դպրեվանքի տեսուչի օգնականի, այնուհետև՝ փոխտեսուչի, աստվածաբանության դասախոսի, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղարի պաշտոններ: 1972–75-ին դասավանդել է Հայկազյան քոլեջում, դասախոսություններով հանդես եկել Բեյրութի համալսարանում և նույն քաղաքի Ամերիկյան (AUB) համալսարանում:

1978-ին (ԱՄՆ-ում ուսանելիս) ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի առաջնորդական տեղապահ, 1979-ին՝ առաջնորդ:

Արամ Ա Քեշիշյան իր հոգևոր գործունեության մեջ կարևոր տեղ է հատկացնում միջեկեղեցական և էկումենյան շարժմանը թե՛ տեղական, թե՛ միջինարևելյան և թե՛ միջազգային ասպարեզներում:

Մշտական անդամ է շրջանային և միջազգային մի շարք աստվածաբանական և Էկումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների: 1970-ից մասնակցում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) տարբեր բաժանմունքների աշխատանքներին: Խորհրդի երիտասարդական բաժանմունքի, «Հաւատք եւ կարգ» հանձնաժողովի և նրա գործադիր վարչության մշտական անդամ է: 1983-ին ԵՀԽ Վանկուվերի համաժողովում ընտրվել է խորհրդի կենտրոնական վարչության անդամ, 1991-ին Կանբերայի (Ավստրալիա) VII համաժողովում՝ կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել է 1998-ին, Հարարեի (Զիմբաբվե) VIII համաժողովում:

Արամ Ա Քեշիշյանը մեծ աշխատանք է կատարում կաթողիկոսության ներքին կյանքի ու գործունեության վերակազմակերպման, մասնավորապես՝ ազգային եկեղեցական, միջեկեղեցական, մշակութային, կրոնական ծառայության բնագավառներում:

2015 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Հայաստանեայց եկեղեցւոյ ճշմարիտ դիմագիծը, Բեյրութ, 1970:

Ներսես Շնորհալի, Աստուածաբան ու Էքիւմէնիստ, Բեյրութ, 1974:

Ազգ, եկեղեցի, հայրենիք, Անթիլիաս, 1999:

The Witness of the Armenian Church in a Diaspora Situation, N. Y., 1978.

The Christian Witness at the Crossroads in the Middle East, Nicosia, 1980.

Towards an Ecumenical Ethic for a Responsible Society in a Sustainable Creation, Geneva, 1994.

The Challenge to be a Church in a Changing World, N. Y., 1997.

 

Defis et Perspectives Ecumeniques, Antelias, 2000.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am